ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հաշվետվություն՝ 2022 թ-ի պետական բյուջեի կատարման մասին  
29.06.2023

   Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում՝ նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է:

2023թ հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ դրվել էր քվեարկության. քվորում չլինելու պատճառով որոշումը չէր ընդունվել:

Հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը: Նախարարը նշել է, որ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները:

Հաշվետվությունը սահմանված ժամանակացույցի համաձայն քննարկվել է Ազգային Ժողովի բոլոր հանձնաժաղովներում և չորս խմբակցություններում:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող միջոցառումների շնորհիվ 2022 թ-ի տարեսկզբից գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվում էին աճի ցուցանիշներ, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը և անհրաժեշտ մատակարարումների դադարումը բացասաբար անդրադարձավ տարվա արդյունքների վրա՝ հանգեցնելով հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը: 2022 թվականին համախառն ներքին արդյունքը (այսուհետ` ՀՆԱ) կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ (2021 թ. 249.4 մլրդ ՀՀ դրամ)՝ 2021 թ. համեմատ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 113.9 տոկոս: Ընդգծեմ սակայն, որ այդ ցուցանիշը զիջում էր նախապատերամյան 2019թ. ցուցանիշին կազմելով դրա 84.3%:

2022 թվականին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36.9 տոկոսով և կազմել 104.5 մլրդ ՀՀ դրամ՝ ի հաշիվ «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում», «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» և «Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» ճյուղերի:

2022 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 24.9 տոկոսով՝ ի հաշիվ բուսաբուծության (43.2%) և անասնաբուծության (19.0%) ճյուղերում արձանագրված աճերի:

Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63.6 մլրդ ՀՀ դրամ (2021թ.՝ 74.6 մլրդ ՀՀ դրամ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14.6 տոկոսով,սական գրեթե հավասար էր 2019թ. ցուցանիշին, որը կազմում էր 64.6 մլրդ ՀՀ դրամ:

2022 թվականին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121.4 մլրդ ՀՀ դրամ 2021 թվականի համեմատ աճելով 43.2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79.9 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 3.5 տոկոսով:

Արցախի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականին կազմել է 832.0 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26.8 տոկոսով:  2021 թվականի համեմատ այն աճել է 2.3 անգամ, ընդ որում՝ ներմուծման ծավալներն աճել են 92.1 տոկոսով` կազմելով 496.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանման ծավալները` 3.4 անգամ և կազմել են 335.5 մլն ԱՄՆ դոլար:

Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թվականին կազմել է 259,617.0 ՀՀ դրամ: 2021 թվականի համեմատ անվանական աճը կազմել է 26.4 տոկոս:

Սպառողական գների ինդեքսը 2022 թվականին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 107.5 տոկոս (2022թ. հունվար-դեկտեմբերը 2021թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ՝ 108.4 տոկոս):

2022 թվականի պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331.0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 101.2 տոկոսով, որն իր հերթին 36.2 տոկոսով կամ 12 մլրդ 732.1 մլն դրամով ավել է 2021 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից:

Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643.2 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90.0 տոկոսը:

Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Նա հաստատել է բյուջեի կատարման հաշվետվության արժանահավատությունը:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/26) 388.08 դրամ
EUR (04/26) 416.29 դրամ
RUB (04/26) 4.22 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր